BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Գրիգոր Նարեկացի և Ավագ շաբաթ»

«Գրիգոր Նարեկացի և Ավագ շաբաթ»
20.05.2016 | 08:34

Ի ցնծություն աշխարհի ողջ հայության, անցած տարի Ֆրանցիսկոս Առաջին պապը պատմական ճանաչում ընձեռեց հենց Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի սրտում ամենայն սրբասուրբ տաղերգուին` Գրիգոր Նարեկացուն սրբադասեց սրբերի շարքում, մարգարեացրեց նրան` հռչակելով Տիեզերական եկեղեցու Վարդապետ։
Սա աշխարհիկ մարդկանց համար ուսանելի երևույթ է, քաղաքակիրթ հասարակությունը, անշուշտ, կըմբռնի, թե ով է եղել, ի վերջո, եղեռնացավ տեսած հայ մարդն այս մոլորակում։
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը հռչակավոր աղոթամատյան է, հազարամյակներ շարունակ ժողովուրդն այն ընդունել է որպես Աստվածազոր ուժ, բուժող, դարմանող սրբասուրբ «Նարեկ»:


Աղոթամատյանի ոգեշունչ շարադրանքով ներշնչված, աստվածային օրենքներով, պատվիրաններով առաջնորդվող հավատացյալ, առաքելական եկեղեցու ատենապետ, բժիշկ Հակոբ Աշիկյանը, ի թիվս հրատարակած իր մյուս հոգևոր մեկնաբանությունների` «Հավուն, Հավուն», «Մեղեդի հարության», տպագրեց իր նոր` «Գրիգոր Նարեկացի և Ավագ շաբաթ» աղոթագիրքը: Աղոթագրքում հեղինակը ներկայացնում է Սուրբ Զատկին նախորդող շաբաթը Ծաղկազարդից մինչև Ս. Զատիկ ընկած յոթնօրյակը` Ավագ շաբաթը:
Աշիկյանն իր նոր գրքույկի առաջաբանում գրում է. «Շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր հոգևոր խորհուրդը. Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի և չարչարանքների վերջին շաբաթն է»։


Ահավասիկ, աղոթագրքում ներկայացված օրերը հաջորդականորեն.
Ավագ երկուշաբթին միահյուսվում է Սուրբ Զատկի հետ, որը 35 օրվա շարժունակություն ունի (մարտի 16-ից ապրիլ 19-ը):
Այսպես, ըստ աղոթագրքի մեկնումի, Ավագ երկուշաբթի օրը Քրիստոսն անիծել է թզենուն, որն անմիջապես չորացել է:
Ավագ երեքշաբթին խորհրդանշում է Ողորմածություն, Մարդասիրություն: Տիրոջ գալստյանը մարդ պիտի պատրաստ լինի, ինչպես ասված է Աստվածաշնչում. «Արթուն կացեք, որովհետև չգիտեք ոչ օրը, ոչ էլ ժամը»:
Չորեքշաբթի օրը դարձի գալու խորհուրդ է նշանակում. «Հուդան, որպես մատնիչ, երեսուն արծաթով մարդկային դեմքը կորցրեց»:


Ավագ հինգշաբթին ապաշխարումի կարգ է արտահայտում. «Առեք, կերե՛ք, այս է իմ մարմինը»,- Հիսուս ներեց իրեն չարչարողներին:
Ավագ ուրբաթը Հիսուսի չարչարանքների և մահվան հիշատակության օրն է. Նարեկացին Մեծ պահքի ուրբաթ օրվա խորհուրդը որպես նվագ ողբաձայն երգում է, խոսում այն չարչարանքների մասին, որ Տերը կրեց իր փոխարեն։
Ավագ շաբաթը նվիրված է Հիսուսի թաղմանը. «Այսօր Հիսուս ավերեց դժոխքը»։
Երեկոյան տրվում է պատարագ. «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:


Հակոբ Աշիկյանը աղոթագրքում խորհուրդ է տալիս նարեկյան աղոթքն անեղծ, պարկեշտ ընթացքի մեջ պահել, հոգևորականի մաքուր իմացությամբ աղոթք անել առ Բարձրյալը` իրենց բազում մեղքերի համար, որ ներում ստանան Տիրոջից:
Աշիկյանը փորձում է նարեկյան բազմաբարդ թեման ճշգրիտ համադրումներով մեկնաբանել աստվածաշնչյան պատվիրանների լույսի ներքո, հումանիստական բարություն ավելացնել մարդու հոգեկորույս ներսը, ով աղոթքը կդարձնի իր հոգու հագեցումը։ Եվ այսօրյա խառնիխուռն իրադրությունների մեջ ևս հեղինակը նարեկյան աղոթքների հավատամքով փորձում է հավատացյալներին մեղքերից ձերբազատվելու կոչ անել, նրանց ուղղել դեպի մարդկային արդար, ազնիվ բնություն. մեղքերի ողբերգածին ապրումներ կրող մարդը մաքրազերծվում է աղոթքով, բարությամբ, պահեցողությամբ։


Ի վերջո, հայտնի բան է` Նարեկացու «Մատյանը» հավատացյալների և հասարակության մեջ որպես կենդանություն պարգևող, բժշկող լիրիկական պոեմ է, որը ապաշխարած մարդուն բարձրացնում է դեպի հրաշագործ կատարելություն: ՈՒսանելի է Հակոբ Աշիկյանի նոր ձեռնարկը, այն Հայ առաքելական եկեղեցու դավանողին սովորեցնում է, որ «Նարեկը», բուժող պոեմ լինելուց զատ, սոսկ բարձի տակ դրվող գիրք չլինի, այլ հասանելի դառնա մեր ողջ ժողովրդին:


Անդրադառնալով Հակոբ Աշիկյանի աղոթագրքին, հավելենք, որ հեղինակի հետևությունն այն է, որ «Նարեկը» մարդու հոգու մեջ, եկեղեցու մեջ և ամենուր որպես շունչ տվող աղոթախոսք հնչի, որովհետև նրա սկզբնավորող ակնաղբյուրը Աստվածաշունչն է:
Ըստ հեղինակի` մարդ-արարածը պիտի իր կատարած սխալը հասկանա և զղջա դրա համար, որպեսզի խավարից դեպի հոգելույս գնացող ծառայություն տանի դեպի ապաշխարության դուռ, միայն ու միայն աստվածային կատարելության մերձենա։
Նարեկացու «Մատյանում» արծարծվում են չարչարանքների «գողգոթան» իր մեջ ներառած, աստվածային կատարելությամբ ապրող, ծանրախաչը իր ուսին տարած մարդու՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի բազմանուն փորձությունները, խաչելությունը, թաղումը, հրաշափառ հարությունը, դժոխքի ավերումը խորհրդանշող դրվագներ, որոնք դարեր շարունակ, ակունքված Աստվածաշնչից, սուրբ աղոթախոսք են եղել հավատացյալների համար և պահպանել են չարից, փորձություններից։


«Գրիգոր Նարեկացի և Ավագ շաբաթ» աղոթագրքում հեղինակը, առաջնորդվելով աստվածաշնչյան պատվիրանների լուսացույցով, հոգևոր բացատրություն է տալիս, որն առավել ժամանակակից շունչ ու հոգի է հաղորդում, ուղղորդում հավատացյալներին: Հակոբ Աշիկյանի նպատակն այն է, որ աղոթագիրքը գործնական կիրառություն ունենա հասարակության մեջ, զերծ մնա աղանդավորական անկանոն շեղումներ պարունակող այլևայլ մեկնաբանություններից:


Բոլոր ժամանակների համար, բոլոր ազգերի համար նարեկյան սրբասուրբ «Մատյանը» խաղաղ հոգեվիճակ է ստեղծում՝ մեղքի փոթորկահույզ ծովն ընկած մարդկությանը փրկելու համար, մեղքերի քավության է կոչում, աղերսանքով դիմում է Տիրոջը` նրանից խնդրելով ներում, փրկություն, բարություն, պահեցողություն, ապաշխարում։ Սրանք մարդու հոգեվիճակը, էությունը մաքրազերծելով, զորավոր իմաստնության ուժ են ավելացնում՝ հարազատ թողնելով հանճարի ուժով գրված կենդանություն պարգևող «Նարեկը»:
Հակոբ Աշիկյանի «Աղոթագիրքը» նպատակ ունի հավատացյալին տանելու դեպի ապաշխարանք ու պահեցողություն, դեպի բարության դուռ, խաղաղ ու կատարյալ ապրելու գոյակցումներ։
«Աղոթագիրքը» նարեկյան համադրումներով մեկնություն է տալիս աստվածաշնչյան պատվիրաններին, որոնք նաև պատգամախոսք են` ուղղված ողջ մարդկությանը:


Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

Դիտվել է՝ 2420

Մեկնաբանություններ